Այսօր` սեպտեմբերի 27-ին Վրաստանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժության փակման պաշտոնական արարողությունը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե սեպտեմբերի 22-27-ը Ռուսթավիում ուժեղ երկրաշարժի սցենարով դաշտային ուսումնավարժությանը մասնակցում էր ավելի քան 1000 մարդ` տարբեր որոնողափրկարարական թիմեր, դիտորդներ ու փորձագետներ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 24 երկրից, ինչպես նաեւ աղետներին արձագանքող միջազգային տարբեր կազմակերպություններից։

Սկսած 2000 թվականից` սա ՆԱՏՕ-ի աղետների արձագանքումը համակարգող եվրոատլանտյան կենտրոնի (EADRCC) 14-րդ նմանատիպ խոշոր միջոցառումն է։ 2010 թ. ՆԱՏՕ-ն «Արմենիա 2010» խորագրով լայնածավալ ուսումնավարժություն էր կազմակերպել Հայաստանում։

Փակման հանդիսավոր արարողությանը պարգեւներ հանձնվեցին ուսումնավարժության ընթացքում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի ընկած մասնակիցներին, որոնց թվում էին նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարարական թիմի անդամներ։

Հայկական պատվիրակության ղեկավար, փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը նույնպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պարգեւներ է հանձնել ուսումնավարժության օտարերկրացի մասնակիցներին: