«Բարգավաճ Հայաստանը»  մտադիր չէ  մեկնաբանել ազգային ֆոլկլորի մակարդակի լուրերը, որը նպատակային կերպով  վերջին ժամանակներս չափազանցվում է զանգվածային լրատվամիջոցների կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Սպասվելիք նախագահական ընտրություններին վերաբերող հարցերին մեր պատասխանը մեկն է` «Բարգավաճ Հայաստանը» սպասվելիք նախագահական ընրությունների մասնակցության մասին կխոսի այն ժամանակ, երբ ժամանակը գա: Իսկ պտտվող լուրերը` ստուգողական   փորձեր են»,-նշել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ներկայումս ՀՀ քաղաքական ետնաբեմում քննարկվում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը: Թե ո՞ր ուժերն են մասնակցում այս քննարկումներին, ի՞նչ ֆորմատով են դրանք ընթանում, արդյոք աոաջին դեմքերի մակարդակով, կոնկրետ տեղեկատվություն չի փոխանցվում:

«Փոխարենը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր աղբյուրները հայտնում են, որ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը դրված է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի սպասվող բանակցությունների օրակարգում»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը։