Մինչ նոտան ԱԳՆ ուղարկելը`Հունգարիան պետք է իրական քայլեր ձեռնարկեր` Երեւանին իր քաղաքական սխալն ուղղելու մտադրությունը ցույց տալու համար:Այս մասին NEWS.am-ին ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված Հունգարիայի նոտան:

Զոհրաբյանի խոսքով, երբ որ Հունգարիան նման քայլեր ձեռնարկի, Հայաստանը կարձագանքի դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու առաջարկին. «Ես ծանոթ եմ նաեւ մինչեւ նոտան ուղարկված նամակի բովանդակությանը, եւ այնտեղ կատարվածի վերաբերյալ ոչ մի ափսոսանքի խոսք չկար: Փոխարենը, շատ լավ հիշվում են Հունգարիայի վարչապետի խոսքերը, ով հայտարարել էր, թե իր երկիրը գործել է օրենսդրության  շրջանակում եւ այդ հարցում  որեւէ մեկին հաշվետու չէ»,-նշեց Զոհրաբյանը` ընդգծելով, որ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի իր նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: