«Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին վստահեցրել է, որ Վրաստանում հոկտեմբերի 2-ին քաղաքացիական պայքար չի լինի: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին: «GHN»-ն հայտնում է, որ հանդիպումից հետո Իվանիշվիլին հայտնել է, որ դեսպանին ծանոթացրել է երկրի իրավիճակին:
«Դեսպանը նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես ենք վերահսկում իրավիճակը: Ես վստահեցրի, որ լավ եմ ճանաչում Վրաստանի քաղաքացիներին, եւ քաոս չի լինի: Իշխանությունները զրպարտանք են տարածում», - նշել է Իվանիշվիլին: Ըստ նրա` ինքը դեսպանին ասել է, որ վրաց քաղաքացիները կիրթ եւ օրինապահ մարդիկ են, այդ պատճառով էլ Վրաստանում հոկտեմբերի 2-ին քաղաքացիական պայքար չի լինի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Երկու հիմնական ուժերն են իշխող «Ազգային միացյալ շարժում» եւ ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունները:
Ըստ վրացական լրատվամիջոցների`«Ազգային միացյալ շարժումն» իր հավաքը կանցկացնի սեպտեմբերի 28-ին, ժամը 17.00-ին Թբիլիսիի Ազգային մարզադաշտում: Սեպտեմբերի 29-ին Թբիլիսիում կհավաքվեն Բիձինա Իվանիշվիլիի համակիրները: Հավաքի վայրն ու ժամը դեռեւս հայտնի չէ, այդ մասին լրացուցիչ կհայտարարվի:




























