Օգոստոսի 18-ին Վրաստանի տարածքում արձանագրված ավտովթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացի, ութամյա Մարի Մովսիսյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Թբիլիսիի «Իաշվիլու անվան» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Ներկայումս հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. երեխան գտնվում է կոմայի մեջ: 

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոքրիկի վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները եւ համապատասխան մասնագետները եղել են տեղում։ Հարազատների խնդրանքով հայ եւ վրացի մասնագետները, գնահատելով  երեխայի վիճակը, քննարկել են նրան Հայաստան տեղափոխելու հարցը։  Արդյունքում որոշում է կայացվել երեխային տեղափոխել Հայաստան եւ հետագա բուժումը շարունակել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, կազմակերպվել է երեխայի տեղափոխումը: Այդ նպատակով Թբիլիսի է ուղարկվել ռեանիմոբիլ` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգի եւ ռեանիմացիոն բուժքրոջ ուղեկցությամբ:

Ներկա պահին երեխան Հայաստան վերադարձի ճանապարհին է: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմը եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները ուշ երեկոյան փոքրիկ Մարիին կդիմավորեն հիվանդանոցում: