Հետխորհրդային տարածքի մահմեդական երկրներում ներքաղաքական խնդիրներն ավելի կարեւոր են, քան «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նման միջազգային սադրանքները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, հետխորհրդային տարածքում ուսումնասիրության հարցերով կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Կարավաեւը` մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ-ի եւ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ անցկացվելիք բողոքի ակցիայի մասին տեղեկությունները:

«Չեմ կարծում, որ հետխորհրդային երկրներում գործը կարող է հեռուն գնալ»,-նշեց Կարավաեւը: Նրա խոսքով`  վերջին տարիներին հետխորհրդային երկրներում մահմեդական ակտիվիստներն ու կազմակերպությունները բավականին ուժեղ են, այդուհանդերձ, այդ երկրներում գլոբալ սկանդալների եւ սադրանքների նկատմամբ ռեակցիան այնքան  բուռն չէ, որքան ավանդական իսլամական երկրներում: «Չեմ կարծում, որ ակցիան դուրս կգա սովորական հանրահավաքի շրջանակից»,- նշեց քաղաքագետը:

Սեպտեմբերի 28-ին Բաքվի Նարդարան արվարձանում կանցկացվեն բողոքի ակցիաներ` ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի: