Ադրբեջանը փորձել է փոխել փախստականների համայնքների հետ կապված իրավիճակը: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի` բանակցային գործընթացում Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման մասին հայտարարությունը:
Ազիմովը մասնավորապես հայտարարել էր, թե հայկական կողմը մերժել է Ադրբեջանի` կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները: «Ադրբեջանական կողմից արված առաջին հաստատումը դա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունն է: Հիմա փորձ է արվում գտնել թույլ փաստարկներ` դրանում Հայաստանին մեղադրելու համար»,-ընդգծեց Սարգսյանը: Խոսելով Ազիմովի կողմից հիշատակված «Ղարաբաղի ադրբեջանցիների եւ նրանց հայ հարեւանների միջեւ» երկխոսության նախաձեռնության մասին, փորձագետը իրավիճակի փոփոխություն մատնանշեց: «Համանախագահներն այցելում են Ղարաբաղ, հետո` Ադրբեջան եւ այնտեղ, բնականաբար, հանդիպում են ադրբեջանցի փախստականների ներկայացուցիչների հետ: Բնականաբար, դրանից հետո երկխոսության անհրաժեշտության կոչեր են հնչում: Ադրբեջանում էլ որոշել են դա վերագրել իրենց: Քանի որ Բաքվի կողմից որեւէ պաշտոնական դիրքորոշման մասին ես երբեք չեմ լսել»,-եզրափակեց Սարգսյանը:




























