Մոսկվայի հարավային շրջանում տեղի ունեցած արյունոտ միջադեպը ազգությամբ ադրբեջանցի գործարարների միջեւ տեղ գտած ֆինանսական խարդախության հետեւանք է։ Միջադեպի մանրամասները հայտնում է ադրբեջանական Vesti.Az-ը։
Ըստ տեղեկության՝ զանգվածային բախմանը մասնակցել է մոտ 200 մարդ, այդ թվում Մոսկվայի պտուղ-բանջարեղենի մեծածախ պահեստներից մեկի սեփականատերն ու աշխատակիցները։ Վիճաբանությունը ծագել է մի խումբ ձեռնարկատերերի պատճառով, ովքեր հետվճարային պայմանով ապրանքի խոշոր խմբաքանակ են վերցրել, իրացրել, սակայն հետո հրաժարվել են ապրանքի գումերը տրամադրել մեծածախի առեւտրականներին։
Ադրբեջանցիների միջեւ միջադեպը տեղի է ունեցել «Տալիսման Վոստոկա» ռեստորանում, որը գտնվում է պահեստի մոտակայքում։ Որոշ տվյալներով՝ ադրբեջանցիների մի կողմը քրեական հեղինակությունների հետ է եկել հանդիպման, սակայն դա չի կանխել ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանցիներ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մոսկվայի Կրասնի մայակ փողոցում։ Հրազենային վնասվածքից մահացել է 27-ամյա ադրբեջանցի երիտասարդ։ Ծեծկռտուքի ականատեսները նշել են, որ կրակել են երկու Mercedes Gelandewagen մակնիշի մեքենաներից։





























