Հավանաբար վաղը` սեպտեմբերի 28-ին, ԲՀԿ խմբակցության, ԲՀԿ քաղաքական խորհրդի խորհրդակցություն կլինի, որտեղ կքննարկեն Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի`ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Ազգային ժողով գրավոր միջնորդագիր ներկայացնելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ դրանից հետո կներկայացնի կուսակցության դիրքորոշումը:
«Եթե քննարկենք, դիրքորոշում կհայտնենք»,- ասաց մամուլի խոսնակը: Ինչ վերաբերում է իր անձնական դիրքորոշմանը, ապա պատգամավորը նշեց, որ իր համար անսպասելի էր եւ զարմանալի:
Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր` սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով է ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Խոսքը վերաբերում է միայն որպես մեղադրյալ ներգրավելուն, խափանման միջոցի հարց չի բարձրացվում»,-ասաց մամուլի քարտուղարը:




























