Արազ Ազիմովին պետք է վերհիշել Ղարաբաղի վերաբերյալ 1992թ. ԵԱՀԿ ձեւակերպումը: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործանախարար Արազ Ազիմովին հայտարարությունները:
Նա նշեց, որ Ղարաբաղի հայերի եւ նախկինում այնտեղ բնակված ադրբոջանցիների միջեւ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: «ԵԱՀԿ կողմից 1992թ-ին բանակցությունների վերաբերյալ ձեւակերպումը բանակցային կողմեր է համարում Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ ԼՂ-ի ընտրովի եւ այլ ներկայացուցիչների: Դրա տակ ես հասկանում եմ կամ նախագահին եւ պատգամավորներին կամ նրանց կողմից նշանակված անձանց: Այլ բացատրություն լինել չի կարող: Անհասկանալի է, թե ինչու դա պարզ չէ Ազիմովին, ով 15 տարի շարունակ Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչն է եղել»,-ավելացրեց Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Ազիմովը մասնավորապես հայտարարել էր, թե հայկական կողմը մերժել է Ադրբեջանի` կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները: Նա նաեւ խոսել էր «Ղարաբաղի ադրբեջանցիների եւ նրանց հայ հարեւանների միջեւ» երկխոսության նախաձեռնության մասին:




























