Այս օրերին Վրաստանի կառուցմանն ու առաջխաղացմանը խոչընդոտում է մի ուժ, որը գործում է ռուսական դասական սխեմայով։ GHN գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Սուոխոմից վրացի փախստականների հետ հանդիպմանը։ «Բարեկամներ, այսօր մեզ մի ուժ է խոչընդոտում, որը գործում է ռուսական դասական սեխեմայով։ Մի կողմից Ռուսաստանը, իսկ մյուս կողմից Եվրոպան։ Ինչո՞ւմ է ռուսական սխեման։

Ռուսական սխեման դա այն է, որ փողն ամեն ինչ է, իսկ մարդը՝ ոչինչ։ Կարեւորն այն չէ , թե ինչպես ես քարոզարշավն անում, կարեւորն այն է, թե ինչպես ես կոմպրոմատներ պատրաստում, հեռուստացույցով ցույց տալիս, մարդկանց ուղեղը լվանում, կաշառում։ Մենք ազգ ենք, այլ ոչ թե տավարի հոտ, ինչպես դուք կարծում եք։ Վրաստանը սուպերմարքեթ չէ, որտեղ կարելի է մարդուն, որպես ապրանք առնել։ Մեր ազգը չի վաճառվում, որովհետեւ մենք մեր նախնիներից ստացած հայրենիքը երբեք չենք վաճառել։

Մեր երեխաների ապագան չի վաճառվում»,- ասել է Սահակաշվիլին։Պետք է նշել, որ Սահակաշվիլին առաջին անգամ չէ, որ մեղադրանքներ է ուղղում Ռուսաստանի հասցեին «բանտային սկանդալից» հետո։ Սեպտեմբերի 26-ին, ՄԱԿԻ գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ, Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը քիչ ֆինանսական ռեսուրսներ չի օգտագործել, որպեսզի ազդի ընտրությունների վրա։ Նա ելույթում կոչ է արել Վրաստանի ընկերներին եւ կողմնակիցներին ուշադրություն դարձնել Վրաստանում կատարվող իրադարձությունների վրա։