ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշել է, որ  ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, եւ Հայաստանի խորհրդարանը եւս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է իրականացվող համատեղ աշխատանքներին: «Եւ Արեւելյան գործընկերության եւ Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրոինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրամիության եւ նրա համապատասխան կառույցների կողմից  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառույցների հետ գործնական ծրագրերի իրականացման խնդրին ` մասնավորապես հաշվի առնելով նրանց կրթական, սոցիալական, մշակութային եւ այլ պահանջմունքները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի խորհրդարանի ներգրավումը «CIB» ծրագրին, որը լրացուցիչ օժանդակություն կլինի Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Արտակ Զաքարյանը նշել է, որ Եվրամիությունն իր հայտարարություններով ավելի հասցեական պետք է դարձնի իր վերաբերմունքը հակամարտող կողմերի` տվյալ դեպքում Ադրբեջանի նկատմամբ: Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատվեն ավելի իրական եւ ոչ թե հավասարակշռող հայտարարություններով: Ըստ հանձնաժողովի նախագահի` յուրաքանչյուր հավասարակշռող հայտարարություն Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից եւ շարունակել իր ապակառուցողական ու տարածաշրջանի անվտանգությունը խաթարող գործողությունները:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ շատ դեպքերում եվրոպական կողմի կիրառած երկակի ստանդարտներն են եղել պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունն այսօր արհամարհի եվրոպական արժեքները: Որպես օրինակ` Նաիրա Զոհրաբյանը նշել է Եվրանեսթի երկրորդ լիագումար նիստը Բաքվում, որտեղ ի պատասխան Ադրբեջանի նախագահի ֆաշիստական ելույթի` եվրոպական բաղադրիչը, ըստ էության, լուրջ հակադարձում չարեց Ալիեւի ելույթին:

Նա ցավով նշել է, որ վերջին շրջանում ինքը` որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, նկատում է, որ եվրոպական կառույցները հենց իրենք են հետ նահանջում իրենց իսկ դավանած արժեքներից, եւ Ադրբեջանին հաջողվում է իր «խավիարային» դիվանագիտությամբ ու նավթադոլարներով եվրոպական հեղինակավոր կառույցներում մթնոլորտ փոխել:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Շտեֆան Ֆյուլեն կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը շատ ակտիվ է բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նրա խոսքով` Հայաստանը առաջանցիկ տեմպերով մասնակցում է եվրոպական ինտեգրման գործընթացին եւ բարեփոխումներն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ: ԵՄ հանձնակատարը Ասոցիացման համաձայնագրի բանակցային գործընթացը գնահատել է բավականին խոստումնալից: Նրա կարծիքով` Արեւելյան գործընկերության եւ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի վարած բարեփոխումային քաղաքականությունը բավականին հաջողված է եւ պարբերաբար արժանանում է Եվրոմիության կառույցների գնահատանքին: