Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի`ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Ազգային ժողով ներկայացված գրավոր միջնորդությունը ԱԺ-ում կքննարկգվի հերթական քառօրյայի առաջին օրը`  հոկտեմբերի 1-ին` արտահերթ կարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:
 
««Աժ Կանոնակարգ օրենքի»  36-րդ  եւ 37-րդ հոդվածներում մեղադրյալ ներգրավելու հարցը դասվում է  պարտադիր եւ ըստ անհրաժեշտության  քննարկվող հարցերի շարքին եւ պարտադիր  ընդգրկվում է ԱԺ նիստերի օրակարգ:  Իսկ կանոնակարգի 55-րդ հոդվածը սահմանում է, որ պարտադիր եւ ըստ անհրաժեշտության օրակարգ ընդգրկված հարցերը, այդ թվում` վերոնշյալը, քննարկվում են արտահերթ»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր` սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով է ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Խոսքը վերաբերում է միայն որպես մեղադրյալ ներգրավելուն, խափանման միջոցի հարց չի բարձրացվում»,-ասաց մամուլի քարտուղարը: