Լոս Անջելեսում ձերբակալել են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակ Նակուլա Բասել Նակուլային։ Նրան մեղադրել են վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու մեջ։ Կինոնկարի ստեղծողը գտնվում է «կալանքի տակ եւ պետք է պատասխան տա Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջեւ», նշել է դատախազության ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նակուլա Բասել Նակուլա անվամբ քրիստոնյա ղպտին պնդել է, որ ֆիլմի ստեղծողը չի, այլ միայն զբաղվել է կինոնկարը նկարահանած ընկերության կազմակերպչական հարցերի լուծմամբ։ Նախկինում հաղորդվել էր, որ Նակուլան փախել էր անհայտ ուղղությամբ ԱՄՆ-ի իրավապահ մարմիններում հարցաքննվելուց հետո։ Նրան հայտնաբերել են լրագրողական հետաքննության շնորհիվ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Նակուլան բանկային քարտերի հետ կապված խաբեբայության համար դատապարտվել էր ազատազրկման եւ 5 տարվա ընթացքում համացանցից օգտվելու իրավունք չէր ունեցել։
«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը տեղադրվել էր YouTube-ում Սեմ Բեյսիլ կեղծանվամբ։ Ըստ ֆիլմի համահեղինակ Ջոզեֆ Նազրալի՝ «կինոնկարի պրոդյուսեր Նակուլան անձամբ է մոնտաժել տեսահոլովակը, այնտեղ երկխոսություններ ավելացնելով, դա արվել է առանց ստեղծագործական խմբի իմացության»։
Ավելի վաղ ֆիլմում նկարահանված դերասանուհիներից Սինդի Լի Գարսիան հայտարարել էր, որ նկարահանումից հետո կինոնկարը վերաձայնագրվել։
Ֆիլմըը բողոքի ալիք է առաջացրել արաբական աշխարհում։ Հուզումներ են եղել Եգիպտոսում, Եմենում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում, Թունիսում։ Լիբիական Բենգազիում իսլամականների հարձակման հետեւանքով սպանվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ հյուպատոսության երեք աշխատակիցներ։
Նախորդ շաբաթ Պակիստանի երկաթգծային հաղորդակցման նախարար Նաժատը 100 հազար դոլար պարգեւ էր խոստացել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծողի սպանության համար։ Եգիպտոսում սալաֆիթների իմամ Ահմեդ Ֆուհադ Աշուշը հրահանգել է սպանել բոլորին, ով մասնակցել է հակաիսլամական ֆիլմի նկարահանումներին։




























