Առաջիկա նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն կլինի ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Առաջիկայում ԲՀԿ քայլերից կախված կլինի այս տեղեկության հանրայնացումը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահի թեկնածության առաջադրման դեպքում ՀԱԿ-ը կամ ընդհանրապես հանդես չի գա սեփական թեկնածուով՝ աջակցելով Ծառուկյանին, կամ ՀԱԿ թեկնածուն երկրորդ փուլում կաջակցի Ծառուկյանին:
Ի դեպ, ԲՀԿ-ի հետ համագործակցող քաղաքական ուժերն ու գործիչներն այս շրջանում քննարկում են ամեն գնով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հասնելու հնարավոր բոլոր ուղիները: Ըստ այդմ, որոշվել է քաղաքական դաշտը տրոհելու եւ երկրորդ փուլն անխուսափելի դարձնելու համար հնարավորինս շատ թեկնածուներով մասնակցել ընտրություններին եւ երկրորդ փուլում պաշտպանել ԲՀԿ թեկնածու Գագիկ Ծառուկյանին»,- գրում է «Ժամանակը»:




























