Իրաքյան բանտում խռովություն է եղել, փախել են 200 բանտարկյալներ, զոհվել է 5 ոստիկան, 2-ն էլ, այդ թվում բանտապետը, վիրավորվել են։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի գիշերը Թիքրիթ քաղաքի բանտում, որը գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 160 կմ հեռավորության վրա։
Թիքրիթի բանտի անկարգությունները սկսվել են հինգշաբթի երեկոյան՝ ընթրիքի ժամանակ։ Մի քանի տասնյակ բանտարկյալներ կարողացել են պահակներից խլել զենքերը, որից հետո բացել են խցիկների դռները եւ վերահսկողության տակ են վերցրել բանտի շենքը, հայտնում է «Սինհուան»։
Անկարգությունների ճնշման համար դեպքի վայր են կանչվել ոստիկանության ջոկատներ եւ բանակային ստորաբաժանումներ, գործարկվել են մի քանի ուղղաթիռներ։ Ոստիկանությանը հաջողվել է բռնել եւ բանտ վերադարձնել 200 փախստական բանտարկյալներից միայն 33-ին, մնացածների որոնումները շարունակվում են։ Բանտի վերահսկողությունն ամբողջովին վերականգնված է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ իրաքյան անվտանգության ծառայությունների՝ Թիքրիթի բանտում ընդվզմանը մասնակից են միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» կազմակերպության անդամները, որոնցից շատերը բանտարկյալների շարքում են եղել։ Հուլիսին «Ալ Կաիդայի» իրաքյան ճյուղի ներկայացուցիչները հայտարարել էին «ռազմական» գործողությունների սկսման ձերբակալված եւ դատապարտված մահմեդական-սունիների ազատմանը։




























