Մարդու երջանկությունը կախված է ինտելեկտի մակարդակից, վստահեցնում են բրիտանացի գիտնականները` դրանով հարցականի տակ դնելով վաղուց հայտնի այն ճշմարտությունը, ըստ որի հիմար մարդիկ երջանիկ են խելոքներից: Նրանց կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել , որ ցածր IQ գործակից ունեցողները առավել դժբախտ են իրենց զգում, քան խելացիները:

Լոնդոնյան University College համալսարանի աշխատակիցները ուսումնասիրություն են կատարել մեծ ձեռնարկության աշխատակիցների շրջանակում, որի ընթացքում եկել են այն եզրահանգման, որ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ում IQ գործակիցը 120-129 է (43 տոկոս), իսկ դժբախտների մեջ մեծ մաս են կազմել այն մարդիկ, ում IQ գործակիցը 70–79 է, նշում է BBC-ին:

Նման արդյունքները, գիտնականների կարծիքով, կարելի է բացատրել նրանով, որ ցածր ինտելեկտով մարդիկ ոչ խոստումնալից պաշտոններ են զբաղեցնում, իսկ դա իր հերթին անդրադառնում  է նրանց եկամտի վրա: Մարդիկ, որոնք դժգոհ են իրենց նյութական վիճակից, ավելի շատ են ենթարկվում սթրեսնների, իսկ միջոցների սահմանափակվածությունը ազդում է իրենց առողջության եւ ինքնազգացողության վրա:

Ինչպես գրում է «Նովիե Իզվեստիա»-ն, հետազոտությանը մասնակցել են 6870 մարդ, թեստի արդյունքները հրապարակվել են հոգեբանական բժշկության ամսագրում: