Հարավային Կորեայի քիմիական գործարանում սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան պայթյուն է որոտացել: Չորս մարդ զոհվել է, ութը` վիրավորվել:

Պայթյունը տեղի է ունեցել Կումի քաղաքի արդյունաբերական համալիրում, որը մայրաքաղաք Սեուլից 200 կմ հեռավորության վրա է տեղակայված: Ձեռնարկությունում հեռուստացույցների եւ այլ սարքերի համար էլեկտրոնային տարատեսակ բաղադրիչներ էին արտադրում, հայտնում է rbc-ն:

Որոշ տվյալներով` պայթյունը որոտացել է այն պահին, երբ աշխատակիցները փորձում էին ռետինե խողովակը միացնել ծծմբաթթվի ցիստեռնին: Ոստիկանների խոսքով` պայթյունի զոհերի թիվը կարող է աճել:

Մոտակա տների մի քանի բնակիչների եւս բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, քանի որ նրանք թունավոր գազ էին շնչել: Ոստիկանությունը տարհանել է արդյունաբերական համալիրի բոլոր արտադրամասերը, ինչպես նաեւ պայթյունի վայրի շրջակա 50 տների բնակիչներին: