Քալիֆորնիայից ընտևված սենատոր Բարբարա Բոքսերը վրդովմունք է հայտնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի ներման եւ քաջալերման փաստի կապակցությամբ եւ կոչ է արել նրան անմիջապես բանտ վերադարձնել, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված խիստ նամակում սենատոր Բոքսերը Սաֆարովի ազատագրումը որակել է որպես «անհանգստացնող եւ սադրիչ գործողություն», նշելով, որ մարդասպանի ազատումը հրահրել է լարվածության աճ եւ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին ուղղված սպառնալիք է:
Սաֆարովի համաներումը «աղաղակող անհարգալից վերաբերմունք է օրենքի գերակայության հանդեպ»,- հայտարարել է Բոքսերը` Ալիեւից պահանջելով «պահպանել միջազգային իրավունքի նորմերը եւ պարոն Սաֆարովին բանտ վերադարձնել, որտեղ նա պատասխան կտա իր գործած ծանր հանցագործության համար»:




























