Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանահունգարական գործարքի հետեւանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Էեմոն Գիլմորն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, ինչի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարն  աջակցություն է հայտնել կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իռլանդական նախագահության նախաձեռնություններին

Ներկա պահին Հայաստանը կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու պատճառով:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

Սակայն ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: