Ռուսաստանի կողմից Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման մասին պայմանագիրը կերկարաձգվի 3 տարով` ֆինանսական նախկին պայմաններով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը:
Ավելի վաղ ռուսական պաշտպանության նախարարության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը հիասթափություն էր հայտնել այդ ՌՏԿ-ի վարձակալության ժամկետի երկարացման վերաբերյալ բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի սկզբին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել Գաբալայում Ռուսաստանի կողմից վարձակալվող ՌՏԿ-ի վարձակալման գինը տարեկան 7 միլիոնից մինչեւ 300 միլիոն դոլար բարձրացնելու Ադրբեջանի մտադրության մասին: Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Վիկտոր Բոնդարյովն այդ առիթով հայտարարել էր, որ եթե Ռուսաստանին եւ Ադրբեջանին չհաջողվի ընդհանուր պայմանավորվածության հասնել, ՌԴ-ի զինված ուժերը քիչ բան կկորցնեն: Ըստ նրա` այժմ ՌԴ-ն իր կայաններն է կառուցում:
Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2002 թվականին, դրա ժամկետն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի հետ վարձակալությունը մինչեւ 2025 թվականը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունների գործընթացի մասին:





























