Առողջապահության ծախսերը ՀՀ պետական բյուջեում 2011 թ. կազմել են 63.3 մլրդ դրամ; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը; Նրա տեղեկացմամբ՝ առողջապահության ծախսերը ՀՆԱ-ի 1.6%-ն է եւ բյուջեի ծախսերի 5.6%-ը: Մեկ հիվանդի հաշվով ծախսը 19.6 հազ. դրամ է, այն դեպքում,  երբ Ռուսաստանում 130 հազ. դրամ է, Էստոնիայում՝ 400 հազ. դրամ, Գերմանիայում՝ 1.3 մլն դրամ:

Բաժնի ծախսերի 42.5%-ն ուղղվել է հիվանդանոցային ծառայություններին: Ըստ Դ. Դումանյանի՝ մարզերում հիվանդանոցները թերբեռնված են, իսկ Երեւանում գերբեռնված: Թեեւ մարզերում, ըստ նախարարի, առնվազն 12 բարձրակարգ հիվանդանոցներ կան, հիվանդների հոսքը դեպի Երեւան շարունակվում է: Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում մտցվել է երեխայի ծննդի սերտիֆիկացման մեխանիզմ, այսինքն՝ ծնողները ստանալով սերտիֆիկատ, իրավունք ունեն ցանկացած հիվանդանոցում ծննդաբերել; Արդյունքում՝ մարզային ծննդատները գրեթե դատարկ են, իսկ որոշ մարզերում բժիշկների պակաս կա; Այսպես՝ Բերդ քաղաքում միայն մեկ գինեկոլոգ կա, ու եթե նա արձակուրդ մեկնի, ապա քաղաքում ծննդօգնություն կազմակերպել հնարավոր չէ: