Ադրբեջանի 40 տոկոսը սեպտեմբերի 28-ի առավոտյան  «Ադրբեջան» ՋԷԿ-ում տեղի ունեցած  վթարի հետեւանքով առանց էլեկտրականության է մնացել: Վթարը անդրադարձել է նաեւ Բաքվին, որը գրեթե ամբողջությամբ առանց հոսանքի է  մնացել:

Ինչպես հաղորդում է ANS Press-ը, Բաքվում էլեկտրականությունն անջատվել է վաղ առավոտյան: Վթարի  հետեւանքով քաղաքում մի քանի ժամ չի աշխատել մետրոն, գնացքների շարժը հնարավոր է եղել կարգավորել ժամը 9:45-ի սահմաններում: Ինչպես հաղորդում է Trend-ը, քաղաքում անջատվել են լուսանշանները, ինչի կապակցությամբ ճանապարհներին աշխատել են երթեւեկության կարգավարները:

Վթարի պատճառ  է դարձել կայծակի հարվածը, ինչի հետեւանքով ՋԷԿ-ում շաքից դուրս են եկել սնուցման 4 բլոկներ: «Ինտերֆաքսի» տվյալներով, «Ադրբեջան» ՋԷԿ-ը արտադրում է Ադրբեջանի ողջ էլեկտրականության 45 տոկոսը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայումս հանրապետությունում  էլեկտրականության մատակարարումը վերականգնված է: