2011 եւ 2012 թ.թ. Հայաստանում որեւէ կեղծ դեղ չի հայտնաբերվել, թեեւ իրականացվել են լուրջ ուսումնասիրություններ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը; Նա հերքեց պատգամավոր Մանվել Բադեյանի այն հայտարարությունը, թե շուկայում դեղերի 80%-ը կեղծ են:

Ըստ Դ. Դումանյանի՝ հանրապետություն մտնող բոլոր դեղերի նկատմամբ էլ վերահսկողություն է իրականացվում: Ինչ վերաբերում է հայրենական դեղարտադրությանը, ապա, ըստ նախարարի, այն  ապահովում է ներքին շուկայի 5-7%-ը, ինչը շատ փոքր թիվ է:

Դ. Դումանյանն ասաց, որ հարկավոր է մատչելի դարձնել դեղներկրումը, որպեսզի շատ ծախսեր չկատարվեն (այդ ծախսերն այնուհետ արտահայտվում են դեղի գնի մեջ): Որոշ կարեւոր դեղեր չեն վերագրանցվում այն պատճառով, որ պահանջարկը փոքր է, ուստի խոշոր ֆիրմաները շահագրգռվածություն չունեն վերագրանցման համար ծախսեր կատարելու: Ըստ  ՀՀ օրենսդրության՝ 5 տարին մեկ հարկավոր է դեղը վերագրանցել: Բայց քանի որ չգրանցված դեղերի նկատմամբ պահանջարկը պահպանվում է, դրանք հանրապետություն են ներկրվում անհատների կողմից: Սա էլ իր հերթին նպաստում է «պայուսակային» մեթոդով դեղերի ներկրմանը, որի նկատմամբ բավարար վերահսկողություն չի իրականացվում: