Արագածոտնի մարզում սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով տուժած շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը երեկ` սեպտեմբերի 27-ին ժամը 21.25-ին մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարկայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Կիրակոսյանը 20 տարեկան էր եւ զորակոչվել էր Երեւանի Մաշտոցի զինկոմիսարիատից: Վթարից հետո տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արագածոտնի մարզի Արուճ -Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում սեպտեմբերի 24-ին ժամը 16.30-ի սահմաններում  ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասին եւ շրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից  9-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենա» բժշկական կենտրոն , իսկ այնտեղից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին, ժամը 00.20-ին  գիտակցության չգալով մահացել էր:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով ` մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը հոդվածով 25.09.2012թ-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է  նախաքննություն: