Թբիլիսիում Օլեգ Տաբակովի նեկայացումը («На всякого мудреца довольно простоты») բուռն ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից, բայց բեմում փողկապը ծամող դերասան Սերգեյ Բեզռուկովը միանշանակ չի ընկալվել: Այդ դրվագը զգալի նյարդայնացրել է Սահակաշվիլիի կողմնակիցներին, որոնք քննադատել են թե ներկայացումը, թե դրան ոգեւորությամբ արձագանքած հանդիսատեսին:
Ներկայացումը սեպտեմբերի 27-ին ցուցադրվել էր Ռուսթավելու անվան թատրոնի բեմում` թբիլիսյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Այն ավարտվել է հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ներկայացման ընթացքում Բեզռուկովը վրացերեն բացականչել է ներկայացման առանցքային արտահայտություններից մեկը` «Ենթական պետք է լինի ամոթխած եւ մշտապես ակնածանք տածի»: Այդ խոսքերից հետո դերասանն սկսել է ծամել փողկապը, ինչը շատերի կողմից ընկալվել է իբրեւ ակնարկՍահակաշվիլիի հասցեին, որը 2008թ. կարեւոր հեռախոսազրույցի ընթացքում ծամել էր փողկապը:
Սահակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, որ ներկայացումը դուր չի եկել, քանի որ դրանում համեմատություն են տեսել Ռուսական կայսրության եւ դրան ենթակա Վրաստանի միջեւ, իսկ հանդիսատեսի արձագանքը համարել են ստորացուցիչ եւ գավառական:
Միաժամանակ, կազմակերպիչները հերքում են ներկայացման մեջ քաղաքական ակնարկի առկայությունը: Տաբակովը նշել է, որ Գլումովի դերում Բեզռուկովը միշտ էլ ծամել է փողկապը:





























