Լրատվամիջոցները Նեպալում լեռնագնացների ինքնաթիռի վթարի տարբեր վարկածներ են նշում: Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, նախքան ընկնելը, ինքնաթիռի օդաչուն կարգավարներին հաղորդել է թռչունի հետ բախվելու մասին:
Associated Press-ն այլ տվյալներ է հայտնում. Կատմանդուի օդանավակայանի աշխատակցի վկայությամբ, որտեղից թռել էր ինքնաթիռը, թռիչքից 2 րոպե անց օդաչուն հայտնել է որոշ անհարթությունների մասին: Դրանից հետո օդաչուն փորձել է շրջադարձ կատարել:
Հիշեցնենք, տեղի Sita Air ավիաընկերության Dornier ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի առավոտյան` Կատմանդուի օդանավակայանից կես կմ հեռու: Ընկնելու ընթացքում, ըստ ականատեսների, ինքնաթիռը բռնկվել է, ընդ որում` ընկնելուց հետո ներսի մարդիկ դեռ ողջ են եղել: Չնայած որ ինքնաթիռը գետափին է ընկել, տեղի բնակիչները չեն փորձել կրակը մարել` վախենալով պայթյունից:
Աղետի արդյունքում ներսի բոլոր 19 ուղեւորները մահացել են: Տեղի իշխանությունների տվյալներով` զոհվել են յոթ բրիտանացի եւ չինացի հինգ զբոսաշրջիկներ, ինչպես եւ յոթ նեպալցիներ, այդ թվում` անձնակազմի երեք անդամները: Ինքնաթիռն ուղեւորվել էր Լուկլա քաղաք, որտեղից զբոսաշրջիկներն ավանդաբար մեկնում են Էվերեստ:




























