Սեպտեմբերի 28-ի դրությամբ Հալեպում մարտերը դադարել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

«Ներկայումս Հալեպում ոչ մի բախում չկա»,- նշել է Ռեիսյանը: Անդրադառնալով արեւմտյան լրատվամիջոցների տարած այն տեղեկատվությունը, ըստ որի  քաղաքի կենտրոն` մասնավորապես Համիդիե եւ Մեյդան թաղամասեր են ներխուժել  գրոհայինները` Ռեիսյանը  պատասխանել է, որ քաղաքի կենտրոնը ընդդիմության գրոհայինների հսկողության տակ չէ, իսկ նշված թաղամասերը Հալեպի կենտրոնում չեն գտնվում: Ինչ վերաբերում է հայկական թաղամասերի իրավիճակին, ապա Ռեիսյանի խոսքով, նրանք ապահոված են առաջին անհրաժեշտության սնունդով:

Մինչդեռ ըստ սիրիական զինված ընդդիմության հայտարարության` անցյալ գիշեր Հալեպի կենտրոնում դաժան մարտեր են ընթացել: Արեւմտյան լրատվամիջոցների տվյալ  չստուգված տեղեկատվությունը հերթական անգամ տարածել են ռուսական զանգվածային լրատվամիջոցները, մասնավորապես` ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Իր հերթին, երեկ երեկոյան սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը  հայտնել է, որ Հալեպում ոչնչացվել են մեծ քանակությամբ գրոհայիններ, մի քան բազաներ, եւ հրթիռներ, ականանետներ, մի քանի տասնյակ ռազմական ավտոմեքենաներ եւ այլն: