Խաղողի մթերման պահանջարկը Հայաստանում աճել է 35%-ով: Այդ մասին այսօր`սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` ներկայացնելով 2012թ. մթերող ընկերությունների պահանջարկի վերաբերյալ գյուղնախարարության դիտարկումը:
Այս տարի պտուղ-բանջարողենային գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով: Մասնավորապես, բանջարեղենի պահանջարկը կազմել է մոտ 59,5 հազար տոննա, որից 52 հազար տոննան կազմել է լոլիկը:
Մրգերի մթերման պահանջարկը կազմել է 32,4 հազ. տոննա, ծիրանը` 8,7 հազ., դեղձը`6,1 հազ., խնձորը` 3,6 հազ.: Խաղողի մթերման պահանջարկը տարեսկզբից մինչեւ սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 162 - 168 հազ. տոննա, ինչը 35%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում մթերվել է 48 հազ. տոննա միրգ եւ բանջարեղեն, ինչը 17%-ով գերազանցում է 2011թ. համանման ժամկետի ցուցանիշը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























