Սեպտեմբերի 19-21-ը Վիեննայում անցկացված Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե իբր իրենք կանխել են հայաստանյան պատվիրակության փորձը անդրադառնալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին, իրականությանը չի համապատասխանում: Նման պարզաբանում է տարածել Հայաստանի արդարադատության նախարարությունը:

«Նման քննարկում ընդհանրապես նախատեսված չէր եւ չէր էլ կարող լինել, քանի որ համաժողովի կազմակերպիչները խստագույնս պահպանում էին նախապես հաստատված օրակարգը եւ թեման:

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի թեման էր «Քաղաքային բռնություն, անչափահասները, որպես հանցագործ եւ զոհ» եւ համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթները բացառապես նշված թեմային են վերաբերել:

Այդուամենայնիվ, առիթն օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալներ Գրիգոր Մուրադյանը եւ Եղիշե Կիրակոսյանը, քարտուղարության միջոցով գրավոր հայտարարություն են հղել համաժողովի մասնակիցներին, որը վերաբերում էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը եւ ապա ներում շնորհելուն: Հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խստորեն դատապարտում է Հունգարիային` Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ Ադրբեջանին՝ վերջինին ներում շնորհելու համար, քանի որ երկու պետություններն էլ այդպիսով խախտել են միջազգային իրավունքը, այդ թվում Եվրախորհրդի շրջանակներում իրենց պարտավորությունները, մասնավորապես Ստրասբուրգի՝ դատապարտյալ անձանց արտահնձնելու վերաբերյալ 1983 թվականի կոնվենիցան:

Իսկ համաժողովի աշխատանքների ավարտին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն իր ամփոփիչ ելույթում առաջարկել է ֆորումի շրջանակներում առաջիկայում քննարկման առարկա դարձնել այս թեման, որպեսզի ապագայում կանխվեն միջազգային իրավունքի նման խախտումները»,- ասված է ԱՆ պարզաբանման մեջ: