Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր` սեպտեմբերի 28-ին , ստորագրել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը եւ ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնեցին ԱԺ-ին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրները:

Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ  ընթերցվել էր ԱԺ  ՀՀԿ-ական  պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը: ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի համաձայն  հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Հակառակ դեպքում նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են: Այսօր` սեպտեմբերի 28-ի, ժամը 13.00-ին լրացավ Ռուբեն Հայրապետյանի` դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետը:

Նշենք, որ Հայրապետյանը մանդատից հրաժարվել էր «Հարսնաքարում» իր թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահից հետո: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի