Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում օնկոլոգիական հիվանդությունները Հայաստանում երկրորդ տեղն են զբաղեցնում՝ եւ մահացությամբ, եւ հիվանդների թվով; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում կառուցելու է օնկոլոգիական հիվանդությունների բուժման 2 կենտրոն, որոնք եզակի են ողջ տարածաշրջանում:

Առաջինը Համաշխարհային բանկի աջակցությամբ կառուցվող կենտրոնն է, որի վերաբերյալ բանակցությունները մոտենում են ավարտին: Այն լինելու է ժամանակակից օնկոլոգիական կենտրոն, որտեղ եւ ախտորոշման, եւ բուժման, եւ վերականգնողական, եւ պալեատիվ բժշկության բոլոր պահանջները հաշվի են առնվելու: Կենտրոնի ստեղծումը համաֆինանսավորելու է մի հայ մեծահարուստ: Կենտրոնում կիառվելու են վերջին սերնդի ռադիացիոն, հետազոտական, քիմիոթերապիայի մեթոդները, մատուցվելու է բազմապրոֆիլ վիրաբուժական ծառայություն;

Երկրորդը մանկական օնկոհեմատոլոգիական կենտրոնն է, որի  նախագծային աշխատանքներն արդեն սկսված են; Դ. Դումանյանի տեղեկացմամբ՝ ունենալու ենք ցողունային բջիջների եւ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն (այդ ծառայությունները ստանալու համար հայ երեխաներին ներկայում ուղարկում են Գերմանիա): Ընդ որոմ՝ կենտրոնի եւ նախագծման, եւ շինարարության աշխատանքներն իրականացնելու են գերմանիայից հրավիրված մասնագետները, քանի որ նախկին ԽՍՀՄ տարածքում նման մասնագետներ չկան:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի