Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան սեպտեմբերի 27-ի ճեպազրույցում հայտնել է, որ աֆղանները հաջողությամբ, ինքնուրույն անվտանգության սեփական ուժեր են ստեղծում, որոնք ի վիճակի կլինեն վերահսկել երկրի իրադրությունը: «Նոյեմբերին աֆղանական անվտանգության ուժերի թվաքանակը 150 հազ. մարդ էր, այժմ այն կազմում է 330 հազար, շուտով կհասնի 352-ի, ինչը մեր նպատակն է», -նշել է նախարարը:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ին կխնդրի 2014թ.-ից հետո արտոնել ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը, ամերիկյան պաշտպանական գերատեսչությունից պատասխանել են, որ Քաբուլի եւ Վաշինգթոնի միջեւ ռազմական համագործակցության հարցերը կորոշվեն երկու կողմերի մակարդակով:
«Ինչպես նշել ենք, Աֆղանստանում ԱՄՆ-ի աննշան ներկայություն կպահպանվի 2014թ.-ից հետո: Ամենից առաջ դրանք այն զինծառայողներն են, որոնք կպաշտպանեն ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների շենքերը... Երկրում նաեւ մասնագետներ կմնան աֆղանական ուժերի վարժեցման համար», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ներկայումս Աֆղանստանում ամերիկացի 70 հազար զինծառայող կա:





























