Տվյալ փուլում հայ ընդդիմության գլխավոր խնդիրը միասնական մեկ ուժ ձեւավորելն է, որն ընդունակ կլինի այլընտրանք դառնալ գործող իշխանություններին: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է ընդդիմադիր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի անդամ Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով` հենց այդ ուժը պետք է հանրությանը հուշի, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Եվ բնավ կարեւոր չէ` ով կղեկավարի այդ ուժը: Ընդդիմադրի խոսքով` կարեւորը համախմբվածությունն է եւ իշխանափոխության ընդհանուր նպատակը: Եթե նման ուժի ձեւավորումը ձախողվի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պասիվ դիտորդի դեր կստանձնի:
Պետրոս Մակեյանը նշել է, որ հայ հանրությունը հիվանդ է, եւ դրա ապացույցը խորհրդարանական ընտրություններն էին. եթե ընդդիմադիր ուժերն ու ժողովուրդը չեն գիտակցում նախագահական ընտրոությունների լրջությունը, ապա արդյունքում կունենանք «լեգիտիմ» նախագահի «հանգիստ» ընտրություններ:
Հարցին, թե արդյոք նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածու կարող է դառնալ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Մակեյանը պատասխանեց, որ զերծ կմնա հնարավոր թեկնածուների անուններ նշելուց, սակայն հավելեց, որ ընդդիմադիր ցանկացած կուսակցության ներկայացուցիչ կարող է լինել թեկնածու: Կարեւորն այն է, որ նա կարողանա համախմբել մնացած ուժերին:




























