Իշխանությունները Վարդան Օսկանյանին հատուկ են զոհ դարձնում, որպեսզի հարմար պահի դա օգտագործեն: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է ընդդիմադիր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի անդամ Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով` ԲՀԿ-ն թվում է հասկանալի, բայց անհասկանալի ուժ է: Բոլորին քաջ հայտնի է ովքեր են դրա անդամներն ու առաջնորդները: Սակայն հարցերը ծագում են նրա վարած քաղաքականության վերաբերյալ: Տպավորություն է ստեղծվում, որ ԲՀԿ-ն իր «ընդդիմություն է, ընդդիմություն չէ» խաղով հայ հանրության ուղեղն է լվանում:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին  կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, Մակեյանը պատասխանեց, որ անգամ այդ դեպքում ոչինչ չի փոխվի:

 «Եւ ընդհանրապես, չգիտենք` ինչ սցենարով են զարգանում դեպքերը եւ ով է դրա հեղինակը», - նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը` հավելելով, որ նման թատրոն 2008թ. դիտվեց «Օրինաց երկիր» կուսակցության պարագայում, երբ իշխանություններն այն դարձրին «ընդդիմություն»` ներկայացնելով իբրեւ զոհ, իսկ հետո շատ հարմար խաղարկեցին դա:

Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում կքննարկվի Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: