Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Ռուբեն Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արձանագրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նրա խոսքով, ԿԸՀ-ն առաջիկայում կհրավիրի նիստ եւ նիստի ընթացքում կնշանակվեն լրացուցիչ ընտրություններ մեծամասնական ընտրակարգով: «Ընտրական օրենսգիրքը սահմանում է 80-օրյա ժամկետ լրացուցիչ ընտրություններ անցկացնելու համար»,- ավելացրեց Հերմինե Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,ո ր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր` սեպտեմբերի 28-ին , ստորագրել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը եւ ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իսկ սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ  ընթերցվել էր ԱԺ  ՀՀԿ-ական  պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը: ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի համաձայն  հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Հակառակ դեպքում նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են: Այսօր` սեպտեմբերի 28-ի, ժամը 13.00-ին լրացավ Ռուբեն Հայրապետյանի` դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետը: Նշենք, որ Հայրապետյանը մանդատից հրաժարվել էր «Հարսնաքարում» իր թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահից հետո: