Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կորցրել է վերահսկողությունը եւ աշխատել չգիտի մրցակիցների հետ: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Ըստ նրա` իշխանությունները սադրանք են անվանել բանտի իրադարձությունները եւ այն, որ հենց աշխատակիցներն էլ դրանք նկարել են, հաղորդում է  «GHN»-ը:

Իվանիշվիլին նկատել է, որ իշխանությունները ցանկացել են բանտրի կադրերի պատասխանատվությունը բարդել «Վրացական երազանքի» վրա, եւ նրանց հուզում է միայն այն, թե այդ կադրերն ինչպես են հանրությանը հասանելի դարձել, այլ ոչ թե այն, ինչ կատարվում է երկրում:

Ըստ ընդդիմության առաջնորդի` նման պարբերական բռնություններ աշխարհում ոչ մի տեղ չկա: Եզակի դեպքեր եղել են, նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, սակայն այնտեղ հանրությունը ոտքի էր ելել:

Նա նաեւ հայտարարել է,  որ ինքը նախապես  կանխազգացել էր այն, ինչ կատարվում է երկրում, եւ պարզվել է, որ Վրաստանի իշխանություններն ավելի թույլ են, քան  ինքն սկզբում կարծում էր:

«Նրանք շատ սխալներ են թույլ տվել, ես նրանց ուժեղ էի կարծում: Ես լավ վերլուծություն եմ կատարել եւ ամեն ինչ շատ լավ ցույց եմ տվել Վրաստանի բնակչությանը», -  հայտարարել է Իվանիշվիլին «9-րդ ալիքի» եթերում: