«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ քաղաքական խորհրդի խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ԱԺ ներկայացրած միջնորդության հարցը:
Խորհրդակցությունից հետո ԲՀԿ- մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկուշաբթի առավոտյան ԱԺ 131 պատգամավորներին ԲՀԿ խմբակցությունը կներկայացնի գրավոր փաստարկներ, փաստեր, մանրամասն մեկնաբանություն այս իրադարձության իրավական կողմի հետ կապված, «ներկայացնելու ենք իրականությունը»:
«Մեր համոզմամբ` ներկայացված փաստարկները բացարձակապես անհիմն են, իսկ թե ինչ է ձեռնարկելու մեր կուսակցությունը եւ մեր խմբակցությունը, դրա մասին կտեղեկանաք երկուշաբթի օրը այն բանից հետո, երբ ԱԺ-ում կներկայացվի միջոնրդությունը` բովանդակությամբ եւ հիմնավորումներով»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն քաղաքական որակումներ եւ գործողություններ կանի միջնորդության ընթերցումից հետո:
Նախագահական ընտրությունների հետ կապված հարցերը մամուլի խոսնակը խնդրեց տալ այն ժամանակ, երբ իրենք հանդես կգան ընտրությունների հետ կապված համապատասխան հայտարարությամբ:
Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր` սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով է ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Խոսքը վերաբերում է միայն որպես մեղադրյալ ներգրավելուն, խափանման միջոցի հարց չի բարձրացվում»,-ասաց մամուլի քարտուղարը:











