«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի տրամադրությունը շատ լավ է, որովհետեւ «անհիմն է այս բոլորը»: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, ԲՀԿ քաղաքական խորհրդի խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով` ԲՀԿ այս գործին երկուշաբթի օրը քաղաքական գնահատական կտա: «Երկուշաբթի ամեն ինչ կիմանանք, մեղադրանքները իսկապես անհիմն են,մենք ծանոթացել ենք, երկուշաբթի մեր քաղաքական դիրքորոշումը հստակ կիմանաք»,-ասաց նա` այդպես էլ չհստակեցնելով, թե ում կողմից է քաղաքական պատվերը եւ խորհուրդ տալով «այդքանն էլ մենք մտածենք»:

Հարցին, թե գործը կհասնի իրեն ձերբակալման, Վարդան Օսկանյանը նշեց, որ այդ մասին պետք է հարցնել դատախազին, բայց ինքը հոգեբանորեն պատրաստ է:

Նա վստահ է, որ իր կուսակցության գործընկեր պատգամավորները կասեն իրենց կարծիքը: Վարդան Օսկանյանը չպատասխանեց հարցին, թե ինքը նախագահի թեկնածու է, թե ոչ:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով է ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Խոսքը վերաբերում է միայն որպես մեղադրյալ ներգրավելուն, խափանման միջոցի հարց չի բարձրացվում»,-ասաց մամուլի քարտուղարը:

Միջնորդության առթիվ այսօր ԲՀԿ Կենտրոնական գրասենյակում հրավիրվել էր քաղաքական խորհրդի խորհրդակցություն, որից հետո կուսակցությունը պետք է հայտներ իր դիրքորոշումը, սակայն այդպես էլ քաղաքական գնահատակններ չհնչեցին: