Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարումը 2011 թ. պետական բյուջեից կազմել է 4.3 մլրդ դրամ, որը կատարվել է 91.4%-ով: Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի 2011 թ. կատարման տարեկան հաշվետվությունում: 2010 թ. նկատմամբ նշված ծախսերը նվազել են 9.5%-ով, որը, ըստ հաշվետվության, բացատրվում է դիմողների թվի նվազմամբ: Սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ խնդիրն առաջացել է վճարումների գործընթացը մեկ ամիս ուշ սկսելու կապակցությամբ: Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2012 թ. սահմանվել է 50 հազ. դրամ, իսկ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 430 հազ. դրամ;

Պետական բյուջեից հղիության եւ ծննդաբերության նպաստի գծով ծախսերը կազմել են 3.9 մլրդ դրամ, որոնք կատարվել են նախատեսված ծավալով: 2010 թ. համեմատ այս ծախսերն աճել են 51.7%-ով, որը պայմանավորված է ինչպես նախորդ տարվա պարտավորությունների մարումը ժամանակին չկատարելու, այնպես էլ նվազագույն ու միջին աշխատավարձերի եւ ծնելիության որոշակի աճի հանգամանքներով: