Ռուսաստանն ակնկալում է, որ առաջիկայում Իրանին ռազմական հարված չի հասցվի: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ, նաեւ` նոր տարում, Իրանին ռազմական հարված չի հասցվի: Ռազմական առճակատմանն ուղղված ցանկացած քայլ միայն հօդս կցնդեցնի այն հույսերը, որ հնարավոր է պայմանավորվել իրանական միջուկային ծրագրի խնդիրների շուրջ», -ասել է նա:
Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ընդլայնվող պատժամիջոցները խանգարում են բանակցային գործընթացին: Նրա խոսքով`Ռուսաստանին, ցավոք, չեն լսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուս նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ անցկացնել Իրանի հետ վեցյակի հերթական բանակցությունները: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը ցանկանում է հանդիպումն անցկացնել առանց ձգձգելու, հենց հոկտեմբերին:
Սեպտեմբերի 27-ին վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, հայտարարել էր, որ Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագրի աշխատանքների 90%-ի ավարտը պետք է դառնա այն «կարմիր գիծը», որի հատումը պետք է հանգեցնի միջազգային հանրության խիստ արձագանքին: Նեթանյահուն հայտնի է որպես Իրանի դեմ կտրուկ գործողությունների կողմնակից: Վերջին հարցազրույցում նա աշխարհին համոզում էր, որ իրանական ռազմամիջուկային ծրագրի չեզոքացման համար հաշվված ամիսներ են մնում եւ կոչ էր անում սահմանել «կարմիր գծերը»:




























