Հենրի ֆորդի անվան թանգարանում սեպտեմբերի 30-ին կփակվի «Տիտանիկի» խորտակման 100-ամյակին նվիրվա ցուցահանդեսը:

Մարտի 31-ից գործող ցուցահանդեսում ցուցադրության են ներկայացվել խորտակված նավի արտեֆակտները, ինչպես նաեւ այն մարդկանց նկարները, ովքեր փրկվել են աղետի ժամանակ: Նրանց  թվում են երկու հայ` Դավիթ Վարդանյանը եւ Նշան Գրիգորյանը: Եվս երեք հայ զոհվել են աղետի հետեւանքով:

Դավիթ Վարդանյանը, ով հայտնի է «Դավիթ Տիտանիկ» անվամբ, ծնունդով Էրզրումի Կեխի շրջանից էր, հաղորդում է «Armenian Weekly»-ն:

Դուստրը` Ռոուզ Վարդանյանը պատմել է, որ նրա ծնողները` Դավիթը եւ Մարին ամուսնացել են խորտակումից մեկ տարի առաջ` 1911 թ-ին: Դավիթը ինքն է ինքնուրույն սովորել լողալ Կեխիից ոչ շատ հեռու  փոքրիկ գետակում, ինչը հետագայում փրկել է նրա կյանքը: «Հայերը 4-րդ կարգի` ամենաստորին ուղեւորներից  են եղել, սակայն նրանց հաջողվել է ջարդել պատնեշը եւ վերեւ բարձրանալ, երբ նավը արդեն ջրով էր լցվել: Ամենուրեք ճիչեր են լսվել, պապը որոշել է դուրս ցատկել  նավից: Երբ նա ցանկացել է մտնել փրկարար նավերից մեկը, նրան փորձել են խանգարել` հարվածելով ձեռքերին: Սակայն հետո նրան հաջողվել է բարձրանալ: Նրանց փրկել է «Կարպատիա» նավը», -պատմում է Վարդանյանի թոռը` Գրեգը:

Ռոուզի ծնողների պատմությունը նման է հոլիվուդյան ֆիլմին: Նրանք հանդիպել են  միայն 10 տարի անց: Մարին կարծել է, որ Դավիթը մահացել է: Նա ենթադրել է, որ կինը մահացել է Եղեռնի ժամանակ: «Հայրս նամակներ է գրել թերթին, եկեղեցուն, հարազատներին, ընտանիքին: Իմանալով, որ կինը փրկվել է, Դավիթը փող է ուղարկել, որպեսզի նա Կանադա ժամանի», - ասում է Ռոուզը: Մարին կարողացել է Կանադա ժամանել, սակայն Դավիթը արդեն ԱՄՆ-ում է եղել: «Նրան տարել են կանադական կամրջի մոտ, ասել են առանց ետ նայելու առաջ գնալ: Հայրս նրան սպասում էր կամրջի մյուս ծայրում: Այդպես նրանք հանդիպել են 10 տարի անց», - պատմել է նա: