Երկուշաբթի ԱԺ քննարակումններից հետո ՀԱԿ-ը կորոշի կողմ, թե դեմ քվեարկի Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա խոսքով, առանց բովանդակային քննարկման որոշում չեն կայացնելու: «Առանց բովանդակային քննարկման հո քվեարկության չե՞նք մասնակցելու: Երկուշաբթի քննարկումը կլինի նոր կկարողանանք այդ հարցին պատասխանել»,- ավելացրեց Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանը նաեւ նշեց, որ այդ հարցի շուրջ իրենց խմբակցությունը քննարկում չի անցկացրել եւ դեռ չգիտի կանցկացնեն, թե ոչ:
Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով է ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Խոսքը վերաբերում է միայն որպես մեղադրյալ ներգրավելուն, խափանման միջոցի հարց չի բարձրացվում»,-ասաց մամուլի քարտուղարը:
Միջնորդության առթիվ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակում հրավիրվել էր քաղաքական խորհրդի խորհրդակցություն, որից հետո կուսակցությունը պետք է հայտներ իր դիրքորոշումը, սակայն այդպես էլ քաղաքական գնահատակններ չհնչեցին: Փոխարենը, ԲՀԿ-ն հայտարարել է, որ երկուշաբթի օրը 131 պատգամավորներին կներկայացնեն գրավոր փաստարկներ` կապված Վարդան Օսկանյանի գործի հետ: Վարդան Օսկանյանին` որպես մեղադրյալ ներգրավելու հարցը, կքննարկվի երկուշաբթի կայանալիք նիստին` արտահերթ կարգով:





























