Արաբական աշխարհում վաղուց էր բողոք հասունանում ընդդեմ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության, իսկ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը լցրեց համբերության բաժակը: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ ակցիաների ալիքի իրական պատճառը նշված ֆիլմն էր:
Քաղաքագետի խոսքով` արաբական աշխարհի ցասումն ուղղված է ոչ այնքան Եվրոպայի, որքան ԱՄՆ-ի դեմ, եւ միայն այն երկրներում, որտեղ չկային ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններ, նրանք իրենց զայրույթն ուղղում էին եվրոպական երկրների ներկայացուցչությունների դեմ: «Ի վերջո, արաբական երկրները հասկանում են, որ ԱՄՆ-ն միջամտում է իրենց ներքին գործերին` ոչ թե իր առջեւ դեմոկրատիայի խնդիր դնելով, այլ ցանկանալով պարզապես վերահսկել տարածաշրջանը»,-ասաց նա:





























