Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Խարկովի հիվանդանոցում պառկել է իր հիվանդասենյակի մուտքի մոտ` բետոնե հատակին եւ հրաժարվել է ցանկացած գործողությունից, քանի դեռ նրան թույլ չեն տա հանդիպել միացյալ ընդդիմության առաջնորդների հետ, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը:
Սեպտեմբերի 28-ին Տիմոշենկոյին մերժել էին հանդիպել միացյալ ընդդիմության խորհրդի ղեկավար Արսենի Յացենյուկի եւ մյուս ընդդիմադիրների հետ: Ուկրաինայի քրեակատարողական հիմնարկների ծառայությունից պարզաբանել են, որ ստացիոնար բուժում ստացող դատապարտյալներին արգելվում է տեսակցությունը: Նրա հետ շփման իրավունք ունեն միայն փաստաբանն ու բուժանձնակազմը:




























