Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` սեպտեմբերի 28-ին, ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանինկատմամբ երկամսյա կալանք է կիրառել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Դատավոր էդիկ Ավետիսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը Վազգեն Խաչիկյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին:

Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , եւ 314 հոդվածի 1 կետով հանցավոր արարք կատարելու մեջ: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել էին ոստիկանության լրատվության վարչությունից: Ձերբակալված մյուս անձինք Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն է, իսկ երրորդը՝ Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ,  ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն: