Թուրքական մամուլում բացահայտումից հետո, թե Վանի հայտնի Վարագավանքի սեփականության վկայականը գտնվում է թուրքական HABERTURK պարբերականի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլի ձեռքում, մի խումբ ստամբուլահայեր արձագանքել են այս տեղեկությանը եւ կոչ արել եկեղեցին շտապ վերադարձնել Պոլսո հայոց պատրիարքարանին:

Ստամբուլահայ Նադյա Ույգունի կողմից սկսած նամակ-կոչի մեջ նշվում է, որի նախաձեռնության կողմնակիցներն այս պահին չեն հետաքրքրվում, թե ինչպես է հայկական եկեղեցին հայտնվել թուրք լրագրողի պապի ձեռքում, քանի որ Ֆաթիհ Ալթայլը կտրուկ մերժում է ցեղասպանության փաստը եւ ըստ նրա, հայերը մի առավոտ պիկնիկի գնալու համար են լքել իրենց հողերը:

«Դուք Թուրքիայում շատ հայտնի լրագրող եք: Ձեզ խայտառակ եք անում: Քաղաքակիրթ, խելքը գլխին մարդուն վայել բանը որ պետք է անեք՝ ձեր ձեռքի սեփականության վկայականը Պոլսո հայոց պատրիարքարանին հանձնելն է»,-ասվում է նամակի մեջ:

Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի Վանի նահանգային վարչությունը Վարագավանքի վերանորոգման համար դիմել էր Վանի անշարժ գույքի կադաստրի վարչությանը՝ գտնելու եւ ստանալու սեփականատիրոջ թույլտվությունը վանքի վերանորոգման համար: Կադաստրի տարածած հայտարարության մեջ նշվել էր, թե Վարագավանքի սեփականատերը Հուսամեթին Ալթայլն է, սակայն նրան գտնել չի հաջողվել:

Անատոլիայում ապրող ժողովուրդների մշակույթն ուսումնասիրող ճարտարապետ Օսման Քոքերը հայտնել է, թե Վանի կադաստրի պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը՝ շեշտելով, թե Վարագավանքի սեփականատերը Հուսամեթին Ալթայլի թոռն է՝ HABERTURK-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլը:

Թուրքական Taraf-ի հետ զրույցում Ֆաթիհ Ալթայլը հաստատել է, որ հայկական վանքն իրենն է՝ նշելով, որ այն իրեն է անցել պապուց:

«Եկեղեցու սեփականության վկայականն ինձ մոտ է: Այդ տարածքը պապուս էր պատկանում, այնուհետ անցել էր հորս, իսկ հորս մահանալուց հետո անցել է ինձ:  Պապս 40-50 տարի առաջ եկեղեցիներն ամրացրել էր, սակայն դրանից հետո ոչ ոք մատով չի կպել: Գյուղն էլ է մեզ պատկանում, սակայն ոչ գնում եմ, ոչ՝ տեսնում: Վերջին իրադարձությունների մասին ձեզնից տեղեկացա: Եթե դիմեն վերանորոգման համար, իհարկե բոլոր տեսակի թույլտվությունները կտամ: Եթե կուզեն, կվաճառեմ, ինչ կուզեն, այն կանեմ: Եկեղեցին վերանորգելու համար գումար չունեմ, թող վերանորոգեն»,-ասել է Ֆաթիհ Ալթայլը:

Նշենք, որ կիսականգուն Վարագանքը լրջորեն վնասվել է նախորրդ տարի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից եւ այժմ գտնվում է խիստ վթարային վիճակում:

Հիշեցնենք, որ Վարագավանքը կառուցվել է Ս.Հռիփսիմեի կողմից այդ վայրում թողնված Քրիստոսի խաչափայտի մասունքի տեղում՝ Վարագ լեռան լանջին:  Սկզբում կառուցվել է Ս.Նշան եկեղեցին, այնուհետ եկեղեցիների քանակը հասել է 7-ի: