Երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին, ԲՀԿ-ն ԱԺ-ում հավաքվելու է խմբակցության նիստի։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«ԲՀԿ-ականները քննարկելու են թե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, թե ԱԺ օրակարգը։ Երեկ՝ ժամը 16-ին «Արարատ» գինու ու կոնյակի գործարանում հավաքը բավական կարճ է տեւել։ Ծառուկյանն ասել է, որ Օսկանյանի դեմ մեղադրանքն անհիմն է, եւ որ իրենք հիմնավորումներ են ներկայացնելու։ Ուստի ԲՀԿ-ականները խորհրդարանում երկուշաբթի բաժանելու են «Սիվիլիթասի» հաշվետվությունը եւ մնացած ապացույցները։ Այլ հարց է, թե դա ինչ ազդեցություն կունենա։ Հայտնի է, որ քաղաքական մեծամասնությունը քվեարկում է ոչ թե հիմնավորումներով, այլ խմբակցության որոշմամբ, իսկ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։ «Ժամանակի» ԲՀԿ աղբյուրների փոխանցմամբ, շաբաթ-կիրակի օրերին չեն բացառվում բանակցությունները՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան ձեւաչափով»,- գրում է «Ժամանակը»: