Մինեապոլիսի գործարար կենտրոնում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի, 3-ն էլ տուժել են: Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհերի մասին: Ինքնասպան էր եղել նաեւ մարդասպանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փոխհրաձգությունը սեպտեմբերի 27-ին տեղի էր ունեցել Accent Signage Systems ընկերության գրասենյակում: Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի տվյալների` հրաձգությունը բացել էր աշխատանքից հեռացված աշխատակիցը: Ըստ նախնական վարկածի` նա որոշակի մարդկանց վրա էր նշան բռնել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հրաձիգի մարմինը հայտնաբերել է նկուղում, նա ինքնասպան էր եղել:
Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», կրակողը 36-ամյա Էնդրյու Էնգելդինգերն էր: Նա այդ քայլին դիմել է աշխատանքից հեռացվելուց մի քանի ժամ անց, այնուհետեւ ինքնասպան է եղել: Էնդրյուն երկար տարիներ հոգեկան հիվանդությամբ է տառապել եւ մի քանի տարի չի շփվել ընտանիքի հետ:
ԱՄՆ-ում նման դեպքերը հազվադեպ չեն: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նման դեպք է տեղի ունեցել Նյու Յորքում. Անձը հրաձգություն էր սկսել Էմփայր Սթեյթ Բիլդինգում` սպանելով 2 եւ վիրավորելով 9 մարդու:





























