ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը իրանական Mujahedeen-e Khalq կազմակերպությանը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Որոշման համար հիմք է հանդիսացել բռնություններից հրաժարվելու, իր կողմից ահաբեկչության բացակայության եւ Աշրաֆ բազայի խաղաղ փակման մասին կազմակերպության հայտարարությունը:
Այնուհանդերձ, ինչպես ասվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, Պետդեպարտամենտը աչքերը չի փակում եւ չի մոռանում այն ահաբեկչությունների մասին, որը կատարել էր կազմակերպությունը նախկինում: Պետդեպարտամենտը նաեւ լրջորեն անհանգստացած է Mujahedeen-e Khalq կազմակերպության գործունեությամբ, հատկապես սեփական անդամների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսեւորումներով:
«Կազմակերպության սեփականությունը եւ հիմնադրամները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տարածքում կամ նրա հսկողության ներքո, այլեւս չեն արգելափակվի, իսկ ամերիկյան ընկերությունները կկարողանան գործարքներ կատարել Mujahedeen-e Khalq-ի հետ` առանց թույլտվության»,- հաղորդվում է հայտարարության մեջ:
Ինչպես փոխանցում է «Լենտա.ru»-ն, վկայակոչելով Reuters-ին, Իրանը արդեն քննադատել է Պետդեպարտամենտի այս քայլը` ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրելով այն բանում, որ իր վրա է վերցնում այն իրանցիների եւ իրաքցիների արյան պատասխանատվությունը, ովքեր սպանվել են այս կազմակերպության անդամների կողմից:
Կազմակերպությունը ստեղծվել է 1965 թ-ին իրանացի ուսանողների կողմից` շահի ռեժիմի տապալման եւ Իրանում սոցիալիստական մահմեդական հանրապետություն ստեղծելու նպատակով: Սակայն 1979 թ-ի իսլամական հեղափոխությունից հետո գաղափարապես առանձնացել է պետություից եւ մի շարք ահաբեկություններ է կազմակերպել Իրանում:
Կազմակերպության գործունեությունը Իրանում արգելվել է: Այդ ժամանակ էլ իրանական «Մոջահեդների» ջոկատները տեղափոխվել են Ֆրանսիա, իսկ այնուհետեւ Իրաք, որտեղից պարբերաբար զինված ընդհարումներ են ունեցել Իրանի հետ: Իրանական կառավարության հաշվարկով այս կազմակերպությունը մեղավոր է 12 հազար իրանցի եւ 25 հազար իրաքցի քաղաքացիների մահվան մեջ:





























